Յոհան Ֆրիդիրխ Վիլհելմ Ադոլֆ ֆոն Բայեր (գերմ.՝ Johann Friedrich Wilhelm Adolf von Baeyer; հոկտեմբերի 31, 1835, Բեռլին, Գերմանական միություն - օգոստոսի 20, 1917, Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանական կայսրություն և Մյունխեն, Գերմանական կայսրություն), գերմանացի քիմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ 1905 թվականին։
Ադոլֆ Բայերն եղել է Յոհան Հակոբ Բեյերի հինգ երեխաներից ամենակրտսերը, պրուսական բանակի սպա, գիտական աշխատանքների հեղինակ՝ աշխարհագրությունից և մթնոլորտում լույսի ռեֆրակցիայի երևույթից։ Ավարտելով գիմնազիան Բայերը 1853 թվականին ընդունվում է Բեռլինի համալսարան, որտեղ երկու հաջորդական տարի նա սովորում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Հաջորդ տարի զինվորական ծառայությունից հետո նա դառնում է Գեյդելբերգի համալսարանի ուսանող և մեծ հետաքրքրությամբ սկսում է ուսումնասիրել քիմիա՝ Ռոբերտ Բունզենի ղեկավարությամբ։ Գեյդելբերգում Բայերը սկսում է զբաղվել ֆիզիկական քիմիայով, բայց հետո ուսումնասիրում է օրգանական քիմիա և սկսում է աշխատել Ֆրիդիրխ Ավգուստ Կեկուլեի լաբորատորիայում։ Այստեղ Բայերը ծախսում է իր ժամանակը աստատ տարրի հետազոտությունների վրա, որի համար նրան տրվում է դոկտորական աստիճան։
1858 թվականից սկսած նա երկու տարի աշխատում է Կելկուլեի հետ Բելգիայի Գենտի համալսարանում, իսկ հետո վերադառնում է Բեռլին, որտեղ սկսում է քիմիայից լեկցիա կարդալ Բեռլինի տեխնիկական համալսարանում։ 1872 թվականին Բայերը մեկնում է Ստրասբուրգ և զբաղեցնում է Ստրասբուրգի համալսարանի քիմիայի պրոֆեսորի պաշտոնը։ 1875 թվականին Բայերը դառնում է Մյունխենի համալսարանի քիմիկի պաշտոնի իրավահաջորդը։
1885 թվականին, 50-ամյա Բայերին, որպես գերմանացի գիտնական շնորհվում է կոչում, որը նրան իրավունք է տալիս ազգանվան առաջ օգտագործել «ֆոն» մասնիկը։
1881 թվականին Միացյալ Թագավորությունում Բայերը ստանում է Դեվի շքանշան։
1903 թվականին Բայերը դառնում է Լիբիխի շքանշանի առաջին դափնեկիրը։
1905 թվականին Բայերը պարգևատրվում է Նոբելյան մրցանակով՝ «օրգանական քիմիայի զարգացման, օրգանական բյուրեղների միջոցով արդյունաբերական ներկերի զարգացման և հիդրոարոմատիկ նյութերի բացահայտման համար»։
1912 թվականին պարգևատրվում է Էլիոտտա Կրեսսոնայի շքանշանով։
Իր առաջին քիմիական բացահայտումը նա կատարել է տասներկու տարեկան հասակում՝ ստացել է նոր կրկնակի աղ՝ նատրիումի և պղնձի կարբոնատները։
Բայերի գիտական աշխատանքները համարվում են սինթետիկ օրգանական քիմիայի և ստերոքիմիայի գլխավոր հիմքը։ Առաջին կարևոր գիտական աշխատանքը եղավ ամենապարզ աստատօրգանական միացության ուսումնասիրությունը, որը ստեղծել է 50-ական թվականներին Բունզենի լաբորատորիայում։ 1866 թվականին ստացել է ինդիգոյի իզատինը (առաջին դիտարկումը կատարել է Օգյուստ Լորանը՝ 1841 թվականին) և առաջարկել է մեթոդ վերականգնելու օրգանական միացությունները ցինկի փոշու միջոցով՝ օրգանական սինթեզի պրակտիկայում։ 1869 թվականին բացահայտել է ինդոնը։ Ամոնիակի կոնդեսացումով՝ ացետալդեհիդի առկայությամբ, ստացել է պիկոլիններ կոլլիդիններ (1870)։ Վերականգնել է նաֆթալինը՝ տետրահիդրոնաֆթալինից և մեզիթիլենը՝ տետրահիդրոմեզիթիլենից (1870)։ 1879 թվականին բացահայտել է ինդոֆենիլային ռեակցիան, որը հայտնվում է երբ խառնում են բենզոլը և ծծմբական թթուն։ Կատարել է ինդիգոյի սինթեզը՝ դինիտրոֆենիլդիացետիլենից (1883) և առաջարկել է դրա կառուցվածքային բանաձևը. Բեյերի այս աշխատանքները դարձան ինդիգոյի արդյունաբերական սինթեզի հիմքը։
1885 թվականին Բեյերը առաջ քաշեց լարման թեորեմը, որը սահմանում է կախվածությունը ածխաջրածնային ցիկլերի միջև անկյան արժեքը։
Ադոլֆ ֆոն Բայերը ստեղծել է մեծ դպրոց գերմանացի քիմիկների համար, որտեղ աշկերտել են օրինակ՝ Հենրիխ Օտտո Վիլանդը, Կարլ Գրեբեն, Վիկտոր Մայերը, Էմիլ Ֆիշերը, Էդուարդ Բուխները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 265)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Բայեր» հոդվածին։ |
|