Դիկ Փաուել | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 14, 1904 |
Ծննդավայր | Mountain View, Արկանզաս, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 2, 1963 (58 տարեկան) |
Մահվան վայր | Արևմտյան Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | քրիստոնեական գիտություն |
Կրթություն | University of Arkansas at Little Rock? |
Մասնագիտություն | դերասան, երգիչ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, ջազ երաժիշտ, հեռուստատեսային դերասան, գործարար, կինոդերասան և հեռուստատեսային պրոդյուսեր |
Աշխատավայր | Warner Bros. |
Ամուսին | Ջոան Բլոնդել, June Allyson? և Mildred Maund? |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Richard Powell, Jr.? և Ellen Powell? |
Ստորագրություն | |
Dick Powell Վիքիպահեստում |
Դիկ Փաուել (անգլ.՝ Dick Powell, նոյեմբերի 14, 1904, Mountain View, Արկանզաս, ԱՄՆ - հունվարի 2, 1963, Արևմտյան Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պրոդյուսեր, կինոռեժիսոր, երգիչ։
Ծնվել է ամերիկյան Արկանզաս նահանգի Սթոուն շրջանի վարչական կենտրոն Մաունթեն Վյու քաղաքում։ 1914 թվականին ընտանիքով տեղափոխվել են Լիթլ Ռոք, որտեղ Դիկը երգել է եկեղեցու երգչախմբում ու տեղի երաժշտախմբերում, որոշ ժամանակ անց էլ հիմնել իր երաժշտախումբը։ Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Արկանզասի համալսարանի լիթլռոքյան քոլեջում, այնուհետև որպես երգիչ՝ մասնակցել Royal Peacock Band երաժշտախմբի ու Չարլի Դեյվիսի նվագախմբի համերգային շրջագայություններին ԱՄՆ-ի Միջին արևմուտքի բնակավայրերում։ 1930-ական թվականներին լայն ճանաչման է արժանացել՝ դերակատարումներով հանդես գալով երաժշտական կինոնկարներում, մյուզիքլներում։ 1940-ականներին Դիկ Փաուելի դերակատարումների դիապազոնն ընդլայնվել է. նա հանդես է եկել նաև այլ ժանրերի ֆիլմերում. նուար («Սպանություն, սիրելի՛ս, սպանությո՛ւն» (1944), «Ծուղակ» (1948)), թրիլլեր («Անկյուն քշվածը» (1945), «Բարձր նպատակ» (1951)), կատակերգություն («Բարեփոխիչն ու կարմրահեր գլուխը» (1950))։ Ընդ որում՝ ֆիլմերում հաճախ նրա հետ նկարահանվել են իր դերասանուհի կանայք՝ Ջոան Բլոնդելը (1936—1944) և Ջուն Էլիսոնը (1945—1963):
1950-ական թվականների սկզբից Փաուելն իր ուժերը փորձել է նաև ռեժիսուրայի ասպարեզում, նկարահանել մի շարք ֆիլմեր, որոնցից հիշարժան են հատկապես «Վայրկյանի մասը» (1953), «Նվաճողը» (1956) и «Ոսոխը մեր տակ է»-ն (1957), որը հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակի է արժանացել լավագույն հատուկ էֆեկտների համար։ 1950-ականների վերջերից նրա հիմնական աշխատավայրը դարձել է հեռուստատեսությունը. հեռուստասերիալներում հանդես է եկել դերակատարումներով և, բացի այդ, եղել է իր իսկ հեռուստաշոուի գործադիր պրոդյուսերը։
Իր քաղաքական հայացքներով Փաուելը պահպանողական էր, թեև հաճախ նկարահանվել է ձախ հայացքներ ունեցող ռեժիսորների, այդ թվում՝ Էդվարդ Դմիտրիկի և Ռոբերտ Ռոսենի ֆիլմերում։ Նա ընկերություն է արել Ռոնալդ Ռեյգանի հետ, 1960 թվականին էլ աջակցել է Ռիչարդ Նիքսոնի նախագահական ընտրարշավին։
1962 թվականի սեպտեմբերի 27-ին Փաուելը Բևերլի Հիլզում գտնվող իր առանձնատուն լրագրողների է հրավիրել ՝ ասուլիսի և հայտարարել է, որ ինքը քաղցկեղի բուժման կուրս է անցնում և վստահ է, որ կհաղթի հիվանդությանը։ Բայց դրանից ընդամենը երեք ամիս ու մի քանի օր անց մահացել է (58 տարեկան հասակում)։ Մահացու հիվանդությունը, ամենայն հավանականությամբ, ձեռք էր բերել Նևադայի անապատում գտնվող միջուկային զենքի փորձադաշտում իր «Նվաճողը» ֆիլմի որոշ դրվագներ նկարահանելու ժամանակ ռադիոակտիվ վարակում ստանալու հետևանքով։ Այդտեղ նկարահանումներին մասնակցած 220 մարդկանցից ևս 91-ն են վախճանվել քաղցկեղի տարաձև դրսևորումներից։ Փաուելի դին կիզել են, մոխիրն ամփոփել Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի գերեզմանատան կոլումբարիումում։
Հոլիվուդի Փառքի ճեմուղում բացվել է նրան նվիրված երկու աստղ. մեկը՝ կինոյում, մյուսը՝ հեռուստատեսությունում ձեռք բերած ստեղծագործական նվաճումների համար։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիկ Փաուել» հոդվածին։ |
|